ՀՅԴ-ականները մտել են կառավարության 3-րդ մասնաշենք և 10–րոպեանոց ակցիա արել

Ոստիկանները լուռ հետևում էին, թե ինչպես են ակցիայի մասնակիցները բարձրախոսերով գոռում Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելու մասին։
Sputnik

Հայ հեղափոխական դաշնակցակության տասնյակի հասնող անդամներ ներխուժեցին կառավարության 3-րդ մասնաշենք և 10 րոպե բողոքի ակցիա արեցին։ Նրանք զգուշացրին, որ չեն եկել շենքը գրավելու, այլ ընդամենը ուզում են խնդրել մարդկանց՝ չգնալ վարչապետի հանրահավաքին։

Անվտանգության խորհուրդն Արմեն Սարգսյանին հորդորում է բավարարել վարչապետի միջնորդությունը

«Այս իշխանությունները չեն ներկայացնում ազգային շահերը։ Չմասնակցե՛ք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին», - ասում էին նրանք գոռալով՝ դիմելով նախարարությունների աշխատակիցներին։

Ոստիկանները լուռ հետևում էին, թե ինչպես են ակցիայի մասնակիցները բարձրախոսներով գոռում։ Տասը րոպե անց ՀՅԴ—ականները դուրս եկան շենքից ու հայտարարեցին լրագրողներին, որ ակցիան հաջողված է և ավարտված։

Նշենք, որ Երևանում մարտի 1-ին նախատեսված է միանգամից երկու հանրահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 18։30-ին, իսկ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» ՝ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահման։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ քայլը որակեց որպես հեղաշրջման փորձ և ստորագրեց Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը։ Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ առաջարկությունը և առարկություններով դիմել է վարչապետի աշխատակազմ։ Կառավարության ղեկավարը փաստաթուղթը կրկին ուղարկել է նախագահին։