ՌԱԴԻՈ

Գուցե Ադրբեջանը մեր իշխանության վրա ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին տեղյակ չենք

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի տեսակետներին, որոնք վերաբերում են ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների կարգավիճակին ու ճակատագրին։
Sputnik
Գուցե Ադրբեջանը մեր իշխանության վրա ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին տեղյակ չենք

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` պետք է հասկանալ, թե ինչի համար է Ադրբեջանը հրաժարվում գերիներին վերադարձնել և նրանց համարում է ահաբեկիչներ ու հանցագործներ, ինչ խնդիր է փորձում դրանով լուծել։ Ըստ նրա`ադրբեջանական կողմը մի քանի նպատակ է հետապնդում։

«Դրանցից մեկը հոգեբանական է։ Նրանք հայտարարում են, թե թույլ չեն տա Արցախում լինի բանակ, և ձգտում են ստեղծել վախի մթնոլորտ, որ կարող են մտնել, նորից գերեվարել ու առևանգվածներին համարել ահաբեկիչներ, նրանց դատել և պատժել։ Մյուս կողմից մեր հայրենակիցները պատանդի կարգավիճակում են, որովհետև Ադրբեջանն անընդհատ առաջադրում է պայմաններ, կատարում է ինչ–որ տարածքային փոխանակումներ»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` եթե Ադրբեջանի համար այժմ կարևոր է, որ Արցախի կարգավիճակի հարց չքննարկվի, ապա հայկական կողմը պետք է այդ խնդրին հստակ արձագանքի, ու եթե ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները չի կատարում, որոնք վերաբերում են նաև հայտարարության մեջ ամրագրված կետին, ըստ որի` գերիներն անհապաղ պետք է վերադարձվեն, ապա մյուս կետերի մասին խոսելը դառնում է անիմաստ։

«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին

Դանիելյանի խոսքով` միջազգային հանրությունը դա կհասկանա, որովհետև մի շարք կազմակերպությունների, ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնախմբի և Եվրամիության առաջատար երկրների կողմից առաջ է քաշվել գերիներին անհապաղ վերադարձնելու պահանջ, և եթե Հայաստանը նման դիրքորոշում ցուցաբերի, ապա քաղաքագետի կարծիքով`Ադրբեջանը որևէ հստակ հակադարձում չի կարողանա անել։ Ըստ նրա` սա Հայաստանի գործող իշխանության պահվածքն է, որ շարունակում է հրադադարի հայտարարության կետերի կատարումը, և գուցե նրա վրա Ադրբեջանի ղեկավարությունը ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին մենք տեղյակ չենք

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ըստ նախարարի` պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում։

Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում։