Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել

Դատախազն առաջարկել է մանրամասն ուսումնասիրության ենթարկել դատավորների կայացրած` ձերբակալություններից ազատման որոշումները, և դրանց անհիմն և ապօրինի լինելու դեպքում, այդ որոշումները կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր կայցել է կոլեգիայի նիստ, որի ժամանակ դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին։

Դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Դավթյանն ասել է, որ ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում, անկախ դրանք կատարողների գործոնից, պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի, իսկ դատախազները և իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է առաջնորդվեն քաղաքական զսպվածության և չեզոքության սկզբունքով, գործեն բացառապես պետականության շահերով և օրենքի հիման վրա:  

2021-ին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից հանցագործության կատարման 2 դեպք

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև ձերբակալության պրակտիկային։ Նրա դիտարկմամբ` ձերբակալությունների արձանագրություններում դրանց հիմքերը որոշ դեպքերում հստակ չեն ներկայացվում, ինչի արդյունքում երբեմն հնարավոր չի լինում դատավորների մոտ դրանց իրավաչափության համոզմունք ձևավորել: Դատախազն առաջարկել է մանրամասն ուսումնասիրության ենթարկել դատավորների կայացրած` ձերբակալություններից ազատման որոշումները, և դրանց անհիմն և ապօրինի լինելու դեպքում, այդ որոշումները կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: Ըստ նրա` նման որոշումների արդյունքում երբեմն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքը «ջուրն է լցվում»:

Կոլեգիայի նիստում քննարկվել է նաև 2020թ.-ի հանցավորության վիճակագրությունը։ Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:

Նշվել է, որ անցյալ տարի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր, 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ ՀՀ դրամի վնաս, վերականգնվել 4.6 մլրդ ՀՀ դրամի վնասը։

 ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցավորության վիճակին, մտահոգություն է հայտնել, մասնավորապես, սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճի կապակցությամբ։

Աճել են նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության դեպքերը։  Փոխարենը նվազել են  բնակարանային գողությունները։