ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գեղարքունիքի մարզի բնակիչներից մեկը կալանավորվել է խարդախության համար։
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է, որ 41-ամյա տղամարդը 2020թ. նոյեմբերին ծանոթացել է Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, ապա իմանալով, որ նրա զինծառայող որդին մասնակցել է պատերազմին ու հոկտեմբերի 1-ից համարվում է անհետ կորած, հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով:
Նա նաև ասել է, թե տղան վիրավորվել է և հայտնվել գերության մեջ: Իսկ որդու բուժման և Հայաստան վերադարձնելու պատրվակով կնոջից մաս-մաս պահանջել է 1 271 000 դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա տրամադրած հաշվեհամարին։
21 և 26–ամյա կանայք շանտաժով 1 մլն դրամ են շորթել երիտասարդ տղամարդուց. ՔԿ
2019թ. հոկտեմբերին նույն 41-ամյա տղամարդը «Օդնոկլասնիկի» էլեկտրոնային կայքով ծանոթացել է նաև Չարենցավան քաղաքի 45-ամյա մեկ այլ բնակչուհու հետ, որին ամուսնանալու սուտ խոստումներ է տվել` նրանից թաքցնելով ամուսնացած լինելու և երեխաներ ունենալու հանգամանքը։ Հայտնել է, թե իբր ծառայում է ՀՀ զինված ուժերում և Երևան քաղաքում պետք է բնակարան ստանա: Տղամարդն այդ նպատակով ու համատեղ կյանքով ապրելու պատրվակով կնոջից մաս-մաս պահանջել է 735․000 ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն)։
Անհետ կորածի հորից 1500 դոլար է վերցրել իբր թե լուր տրամադրելու համար. ԱԱԾ-ի բացահայտումը