Ավելի լավ առաջարկ չի լինելու․ Մարուքյանը ելք է առաջարկում Փաշինյանին

Մարուքյանի խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը, հետո «Լուսավոր Հայաստանը» հուշագիր կստորագրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` վստահեցնելով, որ սա լավագույն և անցնցում ձևն է։

ԳՇ պետին հեռացնելու պատճառ չկա, կամ ի՞նչ կլինի, եթե Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ

Նա խոսեց առկա ներքաղաքական լարված իրավիճակի, խորացող ճգնաժամի մասին, անդրադարձավ բանակի շուրջ բարձրացած աղմուկին։

Մարուքյանի խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը՝ հետ վերցնելով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը։

«Հանրապետության նախագահի աշխատակազմից հետ եք վերցնում գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը և նաև կարող եք վերանշանակել գլխավոր շտաբի պետի տեղակալին, ձեռք չեք տալիս գլխավոր շտաբի ղեկավարությանը, հինգ բանակային կորպուսների ղեկավարությանը, և ընդհանրապես մի կողմ ենք քաշվում բանակից, թողնում ենք` զինվորականներն իրենց գործով զբաղվեն․ բանակը պետք է ապաքինվի, բանակը պետք է ոտքի կանգնեցնեն էդ մարդիկ, և իրենք էդ գործին էին լծված մինչև էս «ղալմաղալները»»,- նշեց Մարուքյանը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրում է հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի, և անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններով ձևավորված նոր իշխանությունը կորոշի՝ գլխավոր շտաբի ներկա ղեկավարության հետ կաշխատի, թե ոչ։

Մարուքյանը վստահ է, որ սա լավագույն առաջարկն է, որ մինչև հիմա արվել է վարչապետին, նա պնդեց, որ ավելի լավը չի էլ լինելու։

«Ես առաջարկում եմ դադարեցնել այս ղալմաղալը, պատերազմը, թաղային մակարդակի դաղալությունը, բանակի դեմ սանձազերծված անարդարությունը, հրամանագիրը հետ բերել, և մենք ստանձնենք խորհրդարանն անցնցում ցրելու պատասխանատվությունը»,- նշեց Մարուքյանը։

Խմբակցության ղեկավարը շեշտեց՝ «Լուսավոր Հայաստանի» համար տարբերություն չկա, թե ում կազմակերպած ընտրություններին կմասնակցեն։ Մասնակցել են Սերժ Սարգսյանի, ապա նաև Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, պատրաստ են մի անգամ էլ դա անել հանուն երկրի կայունության։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին` ժամը 18:30-ին, հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։