ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Տեղեկատվությունը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի մոտ է հրավիրվել ու ինչ-որ հարցեր են քննարկում, բացարձակ սուտ է: Այս մասին հայտնում է ԳԴ մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը` պարզաբանելով մամուլում առկա լուրերը։
«ՀՀ գլխավոր դատախազը որևէ հանդիպման չի մասնակցում, հետևաբար նաև որևէ նման հարց չի քննարկել և չէր կարող քննարկել»,– նշում է Խաչատրյանը։
Նշենք, որ ըստ տարածված լուրերի, ՀՀ նախագահի այսօրվա որոշումից հետո վարչապետ Փաշինյանն իր մոտ է կանչել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և տարբերակներ քննարկել ամեն գնով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ գործ հարուցելու համար։
Լւրեր կային նաև, որ ԱԱԾ–ին ու ոստիկանության հատուկջոկատայիններին էլ հրահանգել է ձերբակալել Օնիկ Գասպարյանին։ Բայց ոստիկանության սպաները հրաժարվել են կատարել Փաշինյանի հրահանգը:
Դրանից հետո, ըստ լուրերի, ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել, ինչը ևս ոստիկանությունն արդեն հերքել է։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի առարկությունները
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ու հետ է ուղարկել կառավարություն։
Ընդդիմությունը փետրվարի 25-ից Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց է անում։