Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել որոնողափրկարարական աշխատանքները

Արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ Արցախում դադարեցվել են զոհվածների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքները։
Sputnik

Պատճառը պաշտոնական Բաքվի արգելքն է։ Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելուն։ Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Արցախում ու Ադրբեջանին անցած տարածքներում ևս մեկ օր աճյուններ չեն փնտրի

Վերջին անգամ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ անցկացվել են փետրվարի 15-ին։ Հաջորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարեց, որ զոհվածների մարմինների որոնումներն անորոշ ժամանակով դադարեցվում են։ Որոշման պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Ինչպես և որոնողական աշխատանքների վերսկսման ժամկետների մասին։

Արցախյան կողմը փորձեց պարզաբանել իրավիճակը ռուս խաղաղապահների միջոցով։ Նրանց միջնորդությամբ տեղի ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի դեմառդեմ հանդիպումը Ադրբեջանի ոմն բարձրաստիճան ներկայացուցչի հետ։ Սակայն այդ բանակցությունները ևս թույլ չտվեցին իրավիճակը շարժել մեռյալ կետից։

Հայկական կողմը հարցը բարձրացնում է բոլոր մակարդակներում։ Փետրվարի 24-ին այդ թեման քննարկվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հանդիպման ընթացքում։ Գեներալը ոչ մի հուսադրող բան չկարողացավ ասել։

Այդ ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներն ու նրանց ռուս գործընկերները շարունակում են լրիվ պատրաստության վիճակում լինել՝ հույս ունենալով վերադառնալ իրենց առաքելության կատարմանը։ Իսկ զոհվածների ընտանիքները շարունակում են լուրերի սպասել։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Արցախի հարավային մասում՝ Որոտանի, Վարանդայի, Ջրականի և Հադրութի շրջաններում, դեռևս սպանված զինվորականների և քաղաքացիական անձանց հարյուրավոր մարմիններ կան։ Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում ռազմական  գործողությունների ավարտից հետո հայտնաբերվել է 1485 զոհվածի մարմին։

Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Հարկ է նկատել, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Ընդմիջումները տևում էին ընդամենը երկու-երեք օր և պայմանավորված էին կոնկրետ պատճառներով․ եղանակի կտրուկ վատթարացում կամ ուժերի շփման գծի մոտակայքում տեղի ունեցած միջադեպեր։ Այսպես, դեկտեմբերի վերջերին որոնողափրկարարական աշխատանքները Հադրութում կանգ առան Տող գյուղում զինված միջադեպի պատճառով։ Իսկ հիմա պատճառ առհասարակ չի նշվում։

Չնայած Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանում որոնողական աշխատանքներն արգելելու դրդապատճառները, ադրբեջանական ԶԼՄ-ներն իրենց պատճառներն են նշում։

Vesti.az լրատվականը պնդում է, որ աշխատանքները կանգ են առել եղանակային վատ պայմանների պատճառով։ Իբրև թե հիմա Ղարաբաղի հարավում կտրուկ ցրտել է և ձյունաբուք է, որի պայմաններում որոնողափրկարարական աշխատանքներն անհնար են։ Սակայն օդերևութաբանները պնդում են, որ այդ տարածքներում ձյուն արդեն գրեթե չկա, իսկ ջերմաչափի սնդիկի սյունը համառորեն դեպի վեր է բարձրանում։

Нaqqin.az կայքն իր սեփական տարբերակն է առաջ քաշում։ Հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, պարբերականը պնդում է, որ որոնումները կանգնեցվել են այն պատճառով, որ այն հատվածները, որտեղ դրանք պետք է անցկացվեին, ականապատված են հայկական ուժերի կողմից։

«Դա ամեն օր վտանգի է ենթարկում ադրբեջանցի զինվորականների կյանքը։ Հայ զինվորների աճյունները գտնելու փոխարեն ստիպված են լինում հավաքել այդ ականապատ տարածքներում պայթած ադրբեջանցի զինծառայողների դիերն ու մնացորդները»,-ասվում է հրապարակման մեջ։ Ականապատ դաշտերի քարտեզի բացակայության մասին հայտարարել է նաև Իլհամ Ալիևը։

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերը չվերադառնան Արցախ, այդ թվում՝ Հադրութ ու Շուշի. ԱԳՆ

Սակայն եթե որոնումների ընթացքում ականի վրա պայթելու վտանգ կա, ապա այն առաջին հերթին սպառնում է նաև հայերին։

Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում թույլատրել որոնողական աշխատանքներ իրականացենել։ Պատճառները կարող են մի քանիսը լինել։ Նախևառաջ նշենք, որ սպանվածների աճյունների ճակատագրի հարցը շատ ցավագին է հայերի համար, և այն օգտագործվում է Երևանի վրա ճնշում գործադրելու համար։ Ինչպես երևում է, օգտագործելով ճնշման այդ լծակը, պաշտոնական Բաքուն ձգտում է ստիպել ավելի զիջող լինել Ադրբեջանի համար ակտուալ հարցերի քննարկման ընթացքում։

Նման հարցերից մեկը կարող է լինել հայոց բանակի առաջիկա վերազինումն ու վերակազմավորումը։ Օրերս Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրեն բնավ դուր չի եկել Հայաստանի զինված ուժերի բարեփոխման հարցում Երևանին աջակցելու Մոսկվայի որոշումը: «Մի քանի օր առաջ լսեցի, որ  հայերի դաշնակիցները հիմա էլ ցանկանում են վերականգնել նրանց բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ։ Մենք թույլ չենք տա, որ մեզ և մեր քաղաքացիների համար նորից սպառնալիք առաջանա», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Կան նաեւ կոնկրետ պատճառներ։ Հայտնի է, որ այն շրջաններում, որտեղ պատրաստվում էին որոնողական աշխատանքներ իրականացնել, Ադրբեջանն այժմ լայնածավալ շինարարություն է իրականացնում՝ օտարերկրյա մասնագետների ներգրավմամբ։ Ֆիզուլիի շրջանում կառուցվում է միջազգային օդանավակայան, իսկ Ջաբրայիլի շրջանում  ստեղծվում են նոր տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Միաժամանակ, այդ նույն տարածքներում կառուցվում են նոր ռազմատեխնիկական-ամրաշինական կառույցներ։ Ըստ երևույթին, այդ աշխատանքները ցանկանում են ավարտել առանց ավելորդ աչքերի։

Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ

Ամեն դեպքում, եթե հարցը դրական լուծում չստանա, ստիպված կլինենք արձանագրել, որ խախտվում են ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։