Մայր աթոռն իշխանություններին կոչ է անում բանակի որդեգրած մտահոգ կեցվածքից հետևություն անել

Հոգևորականները Մայր աթոռում ժողով են գումարել` անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին և մտահոգություն է հայտնելով ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է զգուշավորություն դրսևորել հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հորդորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները։ Գերագույն հոգևոր խորհուրդն այժմ էլ վերահաստատում է առկա կացության հանգուցալուծման շուրջ Մայր Աթոռի արտահայտած դիրքորոշումները։

Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ

«Օրհասական վիճակի լրջագույն ցուցիչ դիտարկելով հայրենիքի անվտանգության երաշխավոր հանդիսացող հայոց բանակի որդեգրած մտահոգ կեցվածքը՝ կոչ ենք անում ԱԺ-ին և իշխանության մյուս կառույցներին՝ անհրաժեշտ հետևություններն անել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ գործել ի սեր հայրենիքի»,–նշված է խորհրդի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, հորդորում են ժողովրդին պահպանել հանդարտություն, վարվել խոհեմությամբ, օրինահարգությամբ և ամենայն պատասխանատվությամբ՝ չդադարելով լինել նախանձախնդիր և հետևողական հայրենիքի շահերի պաշտպանության գործում։ Հորդորում են իրավապահներին` զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից և անհամաչափ ուժի կիրառությունից։

Խորհուրդն արձանագրել է նաև, որ պատերազմի հետևանքով հայրենիքում տիրում է քաղաքական ծանր իրադրություն, որն օրեցօր խորացնում է տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրները։ Բացի այդ, խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում  իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության, հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ խնդրահարույց դիրքորոշումների առնչությամբ։

Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։