ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների` ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի,«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյան հետ: Թե ինչ են քննարկել հանդիպման ընթացքում, լրագրողներին ներկայացրել է Արթուր Վանեցյանը։
«Մենք ՀՀ նախագահին ներկայացրինք մեր տեսակետները և խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորն առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը»,–ասել է Վանեցյանը:
Նրա խոսքով`կա մի կոնսենսուս, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, կա պետության և պետականության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ ուժերով անեն քայլեր` այս վիճակից դուրս գալու համար:
Արթուր Վանեցյանը հավելել է, որ ՀՀ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել է իրենց և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի:
«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»,–ասել է Վանեցյանը:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։