ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։
«Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:
Հիշեցնենք` Երևանի ավագանու որոշմամբ` կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը