«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանից հեռանալը սպորտսմենի իրավունքն է։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Լևոն Դումանյանը` մեկնաբանելով շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանի` Հայաստանը լքելու որոշումը։

«Դա սպորտսմենի իրավունքն է` որոշել է, գնում է»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Արոնյանի որոշման մեջ ԿԳՄՍ նախարարը ո՛չ իրեն, ո՛չ էլ Հայաստանի ներկա իշխանություններին մեղավոր չի համարում և զարմացած է շախմատիստի այդ որոշումից։

Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել

«Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել։ Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով,որ  ներկայացրել է Հայաստանը։ Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել Լևոնի նման շախմատիստը։ Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը և մնա մեր բոլորի կողքին»,– ասաց նախարարը։

Մեկնաբանելով Արոնյանի հայտարարության մեջ առկա դժգոհությունը ՀՀ ներկա իշխանությունների վերաբերմունքից` Դումանյանը հայտարարեց, որ «չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունն Արոնյանի նկատմամբ չի կատարել»։

Իմքայլական պատգամավոր, ԱԺ կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առաջիկայում կբացվի շախմատի վարպետության բարձրագույն դպրոց։ Հայրապետյանն ասաց նաև, որ երբ դպրոցը հիմնվի, մամուլի ասուլիս կկազմակերպեն` մանրամասնելով 1.5-2 տարիներրի ընթացքում իրենց արած աշխատանքը շախմատի ոլորտում։

Հիշեցնենք` շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Լևոն Արոնյանը պարտվեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավին

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին` փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այս սպորտաձևի նկատմամբ։

«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը: