Ինքնակամ չեմ վարչապետ դարձել, ուստի ժողովուրդն էլ պետք է որոշի իմ հեռացման հարցը. Փաշինյան

Փաշինյանը շեշտեց` իր հրաժարականը պետք է ժողովուրդը պահանջի, հրապարակում իրեն գնդակահարի, սակայն հենց ժողովուրդն անի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ինքնակամ չէ, որ վարչապետ է դարձել` ժողովուրդն է որոշել և ժողովուրդն էլ պետք է իր հեռացման հարցը որոշի։ Փաշինյանը նման հայտարարություն արեց այսօր` Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ։

«Ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից։ Երկում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի և երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձերը պետք է կասեցվեն ԱԱԾ–ի, ժողովրդի կողմից։ Գուցե ձեզ մոտ հարց ծագի` պատերազմից հետո ես չե՞մ մտածել հրաժարական տալու մասին։ Մտածել եմ, շատ եմ մտածել, սակայն ժողովուրդը պետք է այդ հարցը որոշի»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց` ով վեր է կենում` իր հրաժարականն է պահանջում, ինչը նորմալ է։ Փաշինյանը շեշտեց` իր հրաժարականը պետք է ժողովուրդը պահանջի, հրապարակում իրեն գնդակահարի, սակայն հենց ժողովուրդն անի։

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են. տեսանյութ

Փաշինյանը խորհրդարանական ուժերին կոչ արեց գոնե կոնսուլտացիաներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։