«Նիկոլ, վարչապետ» վանկարկողներին ընդդիմության աջակիցները դիմավորեցին գունավոր ճայթուկներով

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին ծափերով ողջունել ընդդիմությանը, քանի որ նաև նրանց է հարգում։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ այս պահին անցնում է Մաշտոցի պողոտայով։ Նրա աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ»։

Եթե բախումներ լինեն և արյուն թափվի՝ Փաշինյանին այլևս ոչ ոք չի ների. Բոզոյան

Այս պահին օպերայի տարածքում հավաքված են նաև Փաշինյանի հրաժարականը պահանջողները, որոնք էլ տեսնելով մոտեցող Փաշինյանին, գունավոր ճայթուկներ վառեցին ու սկսեցին վանկարկել` «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր»։

Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին ծափերով ողջունել ընդդիմությանը, քանի որ նաև նրանց է հարգում։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։