ՀՅԴ Բյուրոն կոչ է անում իշխանություններին առանց երկարաձգելու հրաժարական տալ

Բյուրոն հայտարարություն է տարածել` ասելով, որ պատերազմից անցել է գրեթե 4 ամիս, սակայն մի շարք խնդիրներ ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են խորացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված այս վիճակի համար, կոչ է անում առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոններից: ՀՅԴ Բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ իշխանությունները պետք է անսան հրապարակ դուրս եկած հանրության և ընդդիմադիր ուժերի, ինչպես և մինչ այս նույն պահանջով հանդես եկած ՀՀ նախագահի, կաթողիկոսների, սփյուռքահայության զգալի հատվածի, մտավորական, մշակութային, կրթական և հանրային այլ շերտերի ձայնին։

ՀՅԴ-ականները Սերգեյ Կոպիրկինի հետ են հանդիպել. անդրադարձ է կատարվել գերիների խնդրին

«Այդ պարագայում միայն հնարավորություն կստեղծվի հասնելու ներազգային համերաշխության, կարգի բերելու պետական հաստատությունների ու բանակի վիճակը, նոր ավյունով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական և այլ հետևանքների վերացմանը»,–նշված է Բյուրոյի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ պատերազմից անցել է գրեթե 4 ամիս, սակայն մի շարք խնդիրներ ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են խորացել, եղածներին ավելացել են նորերը: Լուծված չեն գերիների, սահմանազատման և այլ հարցեր։

Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում շրջանառվում այն խոսակցությունների վերաբերյալ, ըստ որոնց` Հայաստանի իշխանությունները հնարավոր ինչ-ինչ տնտեսական և այլ բնույթի վտանգավոր գործարքներ կարող են կնքել։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը խիստ խնդրահարույց է համարում արտգործնախարարի ելույթը