Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են. տեսանյութ

Հանրապետության հրապարակում հավաքվածները Նիկոլ Փաշինյանի կոչով մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի նահատակների հիշատակը։
Sputnik

Երևանի Հանրապետության հրապարակում այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ակցիան։ Ելույթ ունենալով նրանց առաջ` Փաշինյանը նախ հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը։

Նրանք ինձ մեղադրում են դավաճանության մեջ, բայց ես կասեմ` ով է դավաճանը. Փաշինյան

Նշենք, որ զուգահեռ Ազատության հրապարակում իրականացվում է Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած ընդդիմության բողոքի ակցիան։ Ընդդիմությունը միացել է ՀՀ ԶՈւ ԳՇ պահանջին և շարունակում է պահանջել վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։