Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ

ՀՀԿ–ն իր կուսակիցներին ու համակիրներին կոչ է անում 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել` արձագանքելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։

«Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու` իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։ Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր և դավաճան քայլերի»,– ասված է հայտարարության մեջ։

ՀՀԿ–ն նաև հայտարարում է, որ եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը` կոչ անելով կուսակցության անդամներին ու համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

«Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն և քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։Ուժային կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները և հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»,– նշված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։