Բախումների վտանգ միշտ էլ կա. Փաշինյանը Հանրապետության հրապարակում է

Փաշինյանը բոլորին ժամը 16-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Հանրապետության հրապարակում է։ Նա այնտեղ հավաքվածներին խոստանում է այսօր ժամը 16-ին խոսել բոլոր թեմաների մասին։

Ազատության հրապարակը բազմամարդ է․ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Հարցին, թե բախումների վտանգ տեսնո՞ւմ է` Փաշինյանը պատասխանեց, որ վտանգը միշտ էլ կա։ «Մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան ՀՀ–ում չպետք է տեղի ունենա։ Ամենակարևորն այն է, որ հանդարտ լինենք` ՀՀ–ի ներսում մենք թշնամի չունենք, սակայն կան հարցեր, որ անպայմանորեն պետք է քննարկենք»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այդ հարցերի քննարկումն է այսօրվա հանդիպման նպատակը։

Հարցին, թե այս պահին զինված ուժերն ո՞ւմ են ենթարկվում այս պահին, վարչապետը պատասխանեց, որ ԶՈւ–ն ենթարկվում է ժողովրդին և վարչապետին` այլ տարբերակ չի կարող լինել։

Անդրադառնալով հեղաշրջման վտանգին` Փաշինյանը նշեց, որ դա, մեծ հաշվով, կառավարելի է։ «Կարծում եմ, որ դա հուզական արձագանք է, և չեմ կարծում, որ մեր եղբայրներին պետք է խիստ արձագանքենք։ Ուղղակի հրամանատարությունից ներքաշել են ոմանց, սակայն անգամ նրանց, ում ազատել ենք աշխատանքից, բոլորն իմ եղբայրն են, մեր հայրենիքի զինվորներն են»,–ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ՀՀ–ում եղբայրության մթնոլորտ պետք է լինի, ինչը չի նշանակում, որ քաղաքական բանավեճ չպետք է լինի։
Լրագրողներից մեկը հարցրեց Փաշինյանին, թե չի՞ կարծում, որ միայն նրա հրաժարականը կլուծի խնդիրը, ինչին ի պատասխան վերջինս նշեց, թե վստահ չէ, որ դա կարող է հարցի լուծում լինել։ «Կարծում եմ, որ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի»,–ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում. ստորագրահավաքը սկսված է

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։