Կառավարությունում քննարկել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները

Համագործակցության ծրագրեր են նախատեսվում Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ պետությունների գործընկերների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր

Նախքան քննարկումն սկսելը՝ վարչապետը նշել է. «Ինչպես գիտեք Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Եվ այս համատեքստում, բնականաբար, պատեհ է քննարկել այն մեխանիզմը, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա առիթ է և ոչ թե պատճառ, որովհետև հիմնարար հարցը միշտ գոյություն է ունեցել: Եվ հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը:

Այստեղ թերևս մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք»:

Ներկայացվել են գիտության ոլորտում առկա խնդիրները, ներուժը, միջավայրն ու զարգացման հնարավորությունները:

Նշվել է, որ համագործակցության ծրագրեր են նախատեսվում Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ պետությունների գործընկերների հետ:

Վերը նշված հարցերի շուրջ ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևակերպել ոլորտի զարգացման «Ճանապարհային քարտեզն» ու գործողությունների պլանը՝ հստակեցնելով ֆինանսական կարիքները: