ՀՀ սահմանը խախտողներն ազատվում են պատժից. կառավարությունն առաջարկում է խստացնել օրենքը

2018-2020թթ–ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է 65 օտարերկրացի։ Նրանցից միայն 25-ի նկատմամբ են հարուցվել իրենց երկրներին հանձնման վերաբերյալ գործեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Վերջին 3 տարում Հայաստանի իշխանություններից ապաստան է հայցել 673 օտարերկրացի։ Նրանցից 218–ը ապաստան է հայցել 2018թ–ին, 248–ը` 2019–ին, 207–ը` 2020–ին։

Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Մենք էլ ենք զարմացել». նախկինում սահմանամերձ Շինուհայրն այժմ չկա որևէ ցանկում. ինչո՞ւ

«Նրանցից 2018թ–ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել են 43–ը, 2019–ին` 14–ը և 2020թ–ին` 8 անձինք։ Այսինքն` ՀՀ–ից ապաստան հայցողների մոտ 17-18 տոկոսը կազմում են ապօրինի սահմանահատողները։ Ընդ որում, այդ բոլոր դեպքերով, հանձնման վերաբերյալ գործեր են հարուցվել 2018–ին` 3 դեպքով, 2019թ–ին`19 և 2020–ին` 3 դեպքով»,– ասաց Ղազարյանը։

Ներկայացրած վիճակագրությունը, ըստ միգրացիոն ծառայության պետի, վկայում է այն մասին, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուց և այդ հանցավոր արարքի բացահայտւմից հետո սահմանախախտները դիմում են պետական լիազոր մարմնին՝ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ապաստան շնորհելու հայցով և այդ կերպ փորձում են խուսափել սահմանախախտման համար նախատեսված պատասխանատվությունից:

«Մեկ այլ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց կողմից ՀՀ տարածքում ձերբակալվելու և կալանավորվելուց հետո չվերադարձվելիության սկզբունքի ուժով փաստացի «հանձնման անձեռնմխելիություն» ձեռք բերելու նպատակով փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի հայցով դիմելիս»,– ասաց Ղազարյանը:

Նման իրավիճակները բացառելու համար միգրացիոն ծառայությունը փոփոխություններ է առաջարկում «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում ու Վարչական դատավարության օրենսգրքում։

Նախագծերով առաջարկվում է ապաստան հայցողների դիմումների համար սահմանված ժամկետները խստացնել և վերացնել երկարաձգման հնարավորությունը։ Բացի այդ` արգելել նույն հիմքով երկրորդ անգամ դիմումի ներկայացումը։ Ապաստանի մերժման որոշումը վարչական դատարան բողոքարկելու համար նախագծով կսահմանվի 10-օրյա ժամկետ, իսկ վարչական դատարանում քննության ժամկետը սահմանել 1 ամիս։

Եղել է, որ գյուղացին վիրավորվել է. ինչպես էին ապրում հայ–թուրքական սահմանին 90–ականներին

Ներկայացված առաջարկները հանձնաժողովում քննարկվելուց հետո արժանացան պատգամավորների միաձայն հավանությանը։