Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» դատավճիռը. առավելագույն պատիժը 25 տարվա ազատազրկումն է

Խմբի անդամներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և ամենայն հավանականությամբ կբողոքարկեն դատավճիռը Վերաքննիչ դատարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարվա, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարվա ազատազրկման։

Ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատավճիռը։

«Սասնա ծռերն» ընդդիմություն է դառնում. ումից պետք է զգուշանա Նիկոլ Փաշինյանը

Դատարանը որոշեց մեղավոր ճանաչել խմբի անդամներին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի փաստացի կալանքի տակ մնալու ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։ Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց  9 տարի 6 ամիս ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ազատազրկումը։

Սմբատ Բարսեղյանին դատարանը մեղավոր ճանաչեց երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան մեջ` դատապարտելով 25 տարվա ազատազրկման։

Վարչապետն ու «Սասնա ծռերը» հանդիպել են. հայտնի է` ինչի մասին են խոսել

Խմբի մյուս անդամներից Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 7 տարի 5 ամսվա, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամսվա, Արմեն Բիլյանը՝ 4 տարվա, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամսվա, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամսվա, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամսվա ազատազրկման:

Խմբի անդամներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և ամենայն հավանականությամբ կբողոքարկեն դատավճիռը Վերաքննիչ դատարանում։

«Ես ընկերներ եմ կորցրել». Օսիպյանը ցուցմունք տվեց «Սասնա ծռերի» գործով

Հիշեցնենք` 2016թ–ի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանվել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկաններ Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի տարածքից դեպի Սարի թաղի ճանապարհը դիպուկահարի արձակած կրակոցից։