ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսական կողմը ջանասիրաբար աշխատում է գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հնարավորինս շուտափույթ վերադարձնելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ եղել է «Մայր Հայաստանի» հուշարձանի մոտ գտնվող հավերժական կրակի մոտ։
«Մենք կցանկանայինք, որպեսզի գերիների վերադարձը հնարավորինս արագ տեղի ունենար, «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այդ հարցի ուղղությամբ համառ աշխատանք է տարվում»,-հայտարարել է դեսպանը։
Շարունակվում է նաև Մինսկի խմբի միջնորդների՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական աշխատանքը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից,– խմբ․) կապի մեջ են և պարբերաբար հանդիպում են միմյանց հետ։ Հնարավոր է՝ ոչ հեռու ապագայում նրանք այցելեն տարածաշրջան, սակայն բարձրագույն մակարդակով հանդիպումների մասին տեղեկություն դեռևս չկա։ Այսպես թե այնպես՝ Միսկի խմբի շրջանակում գործընթացը չի ընդհատվել»,-հայտարարել է դեսպանը։
Հիշեցնենք, որ գերիների փոխանակման բանակցություններին մասնակցում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների խմբավորումը։
ԱԳ նախարարը հուսով է, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից