«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը Գագիկ Ջհանգիրյանին «օգնում է» տիրանալ դատական իշխանությանը

«Հրապարակի» տեղեկություններով` ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանն արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված վճռաբեկի նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

Ջհանգիրյանն արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված վճռաբեկի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաև մի քանի անգամ այցելել է վարչապետի իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։

«Այս մասին մեզ ասաց նաև դատավոր Կարինե Պետրոսյանը, ով դիմել է ԲԴԽ՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Ի դեպ, նախօրեի կալանքի սանկցիաներով էլ Ջհանգիրյանը պասիվ չի եղել։

«Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը նրան ասել է՝ սա քո առաջին փորձությունն է, տեսնենք, թե ոնց կհաղթահարես։ Արդյունքը կարծես «վատ» չէ՝ 4-5 հոգուց երկուսին, Ջհանգիրյանի և Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ջանքերով, կալանք տվեցին։ Ի դեպ, Մկրտչյանը 2000-2006 թթ․ եղել է Լոռու դատախազը և ԱԱԾ տնօրեն, ծնունդով վանաձորցի Արմեն Աբազյանի հետ բավականին մտերիմ է մինչ օրս, ինչով էլ նաև բացատրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանքներ տալու շահագրգռությունը»,–գրում է թերթը։

Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին

Հիշեցնենք, որ ֆեյքը հայհոյախառն գրառումներ է արել ԱԱԾ տնօրենի հասցեին։ Ինչ վերաբերում է վճռաբեկի նախագահին, ապա ուշագրավ է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Լ․ Թադևոսյանը հայտնի «7-ի գործով» մեղադրող դատախազներից մեկն էր, նա նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով է դատախազ եղել։ Չնայած դրան, «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, Ջհանգիրյանի և Թադևոսյանի հոր՝ Զելիմ Թադևոսյանի միջև նախկինում ջերմ հարաբերություններ են եղել, հիմա էլ աղջկա հետ է դա շարունակվում:

«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան