ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հանգուցյալ հոր` Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը։ Նա Instagram–ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել։
«Ծնունդդ շնորհավոր, պապ։ Ես ամեն Աստծո օր հիշում եմ քեզ։ Ես այնքան շատ բան ունեմ քեզ ասելու։ Անգամ այսքան տարի անց զանգահարել էի քո հեռախոսահամարին` հուսով, որ ինչ-որ մեկը կվերցնի հեռախոսը։ Անսահման կարոտում եմ քեզ»,- գրել է Քիմը։
Լուսանկարին մեկնաբանություն է թողել Քիմի քույրը` Քլոյե Քարդաշյանը։ «Սիրում եմ քեզ հայրիկ»,–գրել է նա։
Հիշեցնենք` նախորդ տարի Քիմ Քարդաշյանն անմոռանալի նվեր էր ստացել իր արդեն նախկին ամուսնուց՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթից` ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։ Քանյեն արել է ամեն ինչ, որպեսզի Քիմի հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հոլոգրաֆիայի տեսքով շնորհավորի դստեր տարեդարձը։
Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել էր» դստերն ու նշել, որ հպարտանում է իր աղջկանով։
Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944 փետրվարի 22-ին։ Նա ամերիկահայ փաստաբան էր, որը հայտնի էր դարձել ամերիկյան ֆուտբոլիստ Օ՛ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում։