ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման քայլերթի մասնակիցները հավաքվել են ոստիկանության շենքի մոտ՝ պահանջելով, որ ոստիկանապետն իջնի և պարզաբանում տա ժողովրդին քաղաքացիների նկատմամբ այսօր իրականացված բռնությունների վերաբերյալ։
Նրանք ոստիկանապետին 15 րոպե ժամանակ տվեցին` իրենց մոտ իջնելու և պարզաբանում տալու՝ քաղաքացիների նկատմամբ այսօր իրականացված բռնությունների վերաբերյալ։ Երթի մասնակիցները պահանջեցին, որ ոստիկանապետը իջնի իրենց մոտ, այլապես կշրջափակեն շենքը։
Մինչ այդ շարժման ղեկավարները ծաղիկներ դրեցին Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ։
Մարդիկ վանկարկում են «ամոթ», քաղաքական գործիչները ելույթներ են ունենում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ցուցարարներից մեկը հայտնեց, որ ոստիկանապետը տեղեկացրել է, որ կհանդիպի ընդդիմադիրների հետ, բայց ոչ այսօր։
Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, դիմելով ոստիկաններին ասաց, որ անգամ ԽՍՀՄ-ում ոստիկանները այդքան դաժան չեն եղել։
«Այդ ո՞ւմ եք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ։ Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել», - ասաց նա։
Բողոքի երթի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի ԱԱԾ շենք։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան մեկնարկել է Հանրապետության հրապարակի՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Մի խումբ երիտասարդներ կարճ ժամանակով փակել էին Խանջյան փողոցը։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։