Արմեն Գևորգյանի պաշտպանը դատին չի ներկայացել. դատարանը չի հավատում նրա պատճառաբանությանը

Արմեն Գևորգյանը դատարանում հայտնեց, որ տեղյակություն չունի իր պաշտպանի` այլ դատական նիստում զբաղված լինելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը դատարանին միջնորդել է հետաձգել Մարտի 1-ի գործով այսօր նշանակված դատական նիստը`Վերաքննիչ դատարանում զբաղված լինելու հիմնավորմամբ։

Միջնորդությունը դատական նիստում ընթերցեց դատավոր Աննա Դանիբեկյանը` միաժամանակ նշելով, որ դատարանից այլ տեղեկություն է ստացվել։

«Դատարանն աշխատակազմի միջոցով պարզել է, որ նշված դատական նիստը հետաձգվել է սկսվելուց անմիջապես հետո։ Ուստի դատարանին հայտնի չէ պարոն Ալեքսանյանի բացակայության պատճառը»,– ասաց դատավորը։

Արմեն Գևորգյանը դատարանում հայտնեց, որ տեղյակություն չունի իր պաշտպանի` այլ դատական նիստում զբաղված լինելու մասին։

Դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը

Դատարանն այնուամենայնիվ որոշեց 20 րոպե ընդմիջում հայտարարել` մինչ կպարզվեն միջնորդության հանգամանքները։

Նշենք, որ այսօր` փետրվարի 23-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը։

Նախորդ դատական նիստում` փետրվարի 16-ին, գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդել էր Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը վերացնել` նշելով, որ մյուս բոլոր ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները հանվել են։ Բայց դատարանը մերժել էր պաշտպանի միջնորդությունը։

Հաշմանդամություն ստացած ոստիկանը Մարտի 1-ի գործով տուժող չհամարվեց

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ այս պահին կիրառված է գրավ, որով ավելի վաղ փոխարինվել էր կալանավորումը։

Փետրվարի 16-ի դատական նիստն ընդհատվել էր Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: