ՌԴ–ի դերը և Թուրքիայի հավակնությունները. Այվազյանը խոսեց հետպատերազմական վիճակի մասին

ՀՀ արտգործնախարարի խոսքով` միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Տարածաշրջանում հրադադարի և անվտանգության պահպանման տեսանկյունից առանցքային դերակատարում ունի ՌԴ–ն։ Ակնհայտորեն ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում։ ԱԺ–ում մեկնարկած տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում տարածաշրջանային, ինչպես նաև խոշոր ուժերի ազդեցությունների վերադասավորում։ Սակայն գործընթացը դեռևս չի ավարտվել և վաղ է գնահատական տալ։ Տարածաշրջանում անվտանգության ապահովումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Այս համատեքսում Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ առանցքային մարտահրավերներից մեկը»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները, Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում։ Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը։ Այվազյանը նշեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով է հնարավոր հասնել դրան, ուստի տարածաշրջանում ակնկալում է տեսնել ուժեղ համանախագահություն։

Էրդողանի «շպագատը». պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Անկարայում հնարավոր փոփոխություններին

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը` ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները, ինչն արտացոլվում է գերիների վերադարձի գործընթացի խոչընդոտներով։

Այվազյանն անդրադարձավ նաև տրանսպորտային ապաշրջափակման հարցին` ասելով, որ դա դրականորեն կազդի նաև տարածաշրջանի ապրանքաշրջանառության գործընթացների վրա։

Նա հայտնեց, որ համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասական են ազդել ԵԱՏՄ ներքին առևտրի վրա։ 2020-ի հունվարից նոյեմբեր ամիսներին ԵԱՏՄ–ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով` կազմելով 44 մլրդ դոլար։

Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է 2 տոկոսով` կազմելով 2.03 դոլար։

Հավելենք, որ նիստը շարունակվում է փակ քննարկման ռեժիմով։

Այվազյանը Լավրովի հետ խոսել է գերիների հարցով Ադրբեջանի ստեղծած խոչընդոտների մասին