Բացահայտվել է Սիսիանում կատարված ավազակային հարձակման դեպքը

Քաղաքացին ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մի շարք հանգամանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Բացահայտվել է Սիսիանի հուշանվերների և ոսկերչական իրերի խանութ սրահում կատարված ավազակային հարձակման դեպքը, ձերբակալվել է Սիսիան քաղաքի բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին». ինչի՞ համար է ձերբակալվել Մալյանը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հուշանվերների և ոսկերչական իրերի խանութ-սրահում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նշենք, որ փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակիչը մուտք էր գործել նույն համայնքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահ և դանակի սպառնալիքով, վաճառողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել խանութ-սրահում առկա զգալի չափերով ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

«Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Սիսիան համայնքի բնակիչ՝ ծնված 1987թ.: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ գողոնը թաքցնելու վայրը. հափշտակված ոսկյա զարդերը հայտնաբերվել և առգրավվել են:

Կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, որի ժամանակ տուժողը՝ խանութ-սրահի աշխատակցուհին, ճանաչել է առերևույթ հանցագործություն կատարած անձին: Վերջինից ստացվել է արյան փորձանմուշ, նշանակվել դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել

Դեպքի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: