ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրի վրա (Հրազդան քաղաքի մոտ) տեղի է ունեցել կցորդիչով տրանսպորտային միջոցի վթար։ Դեպարտամենտը տեղեկությունը հաղորդել է ֆեյսբուքյան իր էջում և նաև տեսանյութ տեղադրել։
Վթարի հետևանքով որոշակի խոչընդոտներ են առաջացել երթևեկության համար։ Տեսանյութում երևում է` ինչպես է հսկայական մեքենան կողաշրջվել` փակելով երթևեկության համար սահմանված ուղիներից մեկն ամբողջությամբ։ Դեպարտամենտը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ իր հերթին հայտնում է, որ եղանակի պատճառով ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Չայնի ոլորոններում» բուք է գրանցվել։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։