ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանավորել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին։ Նման որոշում կայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ դատարանը որոշում է կայացրել, որ Սաղաթելյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է։ Սակայն, միաժամանակ, դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
«Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։ Մի կողմից սպասելի էր նման որոշումը»,–ասաց պաշտպանը։
Ենոքյանը հայտնեց` դեռ չի ստացել կալանավորելու մասին որոշումը և տեղյակ չէ դրա հիմքերի մասին։ Նրա խոսքով` փաստական որևէ տվյալներ չկան գործում։
Բացի այդ, Ենոքյանը նշեց` Սաղաթելյանին վերագրված մեղադրանքն անհստակ է` չկա փաստական տվյալ, որը կհաստատի, թե Սաթաելյանն ինչ–որ անձանց հետ պայմանավորվել է խումբ ստեղծելու վերաբերյալ։ Պաշտպանն տեղեկացրեց նաև, որ բողոքարկելու են Սաղաթելյանին կալանավորելու որոշումը։
Նշենք, որ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։
«Այսօրվանից սկսում ենք նոն–ստոպ բողոքի ակցիաներ». Սաղաթելյանը նշեց ուղղությունները
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ու քաղաքագետ Կարեն Բեքարյանի հետ ԱԱԾ բեման ենթարկված, ապա ձերբակալված Մհեր Ավագյանին։