Ոստիկանը պատերազմի դաշտից զենքեր է բերել ու փորձել իրացնել. ԱԱԾ բացահայտումը

Ոստիկանը մի մեծ ծրագիր է ունեցել ինչպես զենքերը վաճառելու, այնպես էլ դրանք վստահելի անձանց միջոցով ոստիկանություն հանձնել տալու վերաբերյալ։ Սակայն ԱԱԾ–ն կանխել է նրա մտադրությունները։
Sputnik

ԱԱԾ-ն բացահայտել է զենք-զինամթերքն Արցախի մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և Հայաստան տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը: Տեղեկությունը հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։

Պատերազմի օրերին Արցախից մշակութային արժեքները չտարհանելու համար հարուցվել է քրգործ

Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա.Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող մասնակցելով պատերազմին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, ապօրինի ձեռք է բերել փամփշտատուփ` 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։ Բացի այդ, նա գնել է նաև 32 հատ փոքր տրամաչափի փամփուշտներ, զենք մաքրելու համար նախատեսված պարագաներ, օպտիկական սարքավորումներ, որսորդական հրացաններ, 227 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, հրազեն հանդիսացող ընդհանուր թվով 45 հատ «ԱԿ» տեսակի տարբեր մոդելների ինքնաձիգներ:

Ռազմամթերքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս փոխադրել և պահել է իր ծանոթ Ս.Գ.-ի՝ Սյունիքի Տեղ գյուղում գտնվող բնակարանի օժանդակ կառույցներում՝ դրանց մի մասը հետագայում իրացնելու նպատակով:

Արմավիրի համայնքների ղեկավարներն օժանդակել են, որ տղամարդիկ չմասնակցեն զորավարժանքին. ԱԱԾ

Իսկ դրանց մյուս մասը ցանկացել է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, որպեսզի դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն՝ այն ձևակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք` ցանկանալով ուռճացնել տվյալ բաժնի աշխատանքի ցուցանիշները:

Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Ա.Բ.-ն, սակայն, այդ գործողություններն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. ապօրինի ձեռք բերած և պահած մեծածավալ զենքերը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ընդ որում, Ա.Բ.-ն իր կողմից ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի ինքնաձիգներից երկուսը որոշակի գումարի դիմաց ապօրինի իրացրել է իր ծանոթ Ս.Բ.-ին։

Սա էլ, իր հերթին, հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգները պահել է իր բնակարանում, որից հետո՝ 2020-ի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 դոլարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ:

«Պատրոն Դավիթը» բերման է ենթարկվել ԱԱԾ. նրա մատակարարած արկերը չեն կրակել. տեսանյութ

Ա.Բ.-ն հանցանքի կատարման մեջ ծագած անմիջական կասկածանքի հիման վրա ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա կալանավորելու վերաբերյալ։