ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Մակունցը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
«Այն շեշտադրումները, որ անում է Սարգսյանն իր հարցազրույցի ընթացքում, որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում և խոսքում օրինակ` 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018-ի արտահերթ ընտրություններ ընթացքում: Չեն եղել նաև 2019-ին, երբ նախընտրական որևէ գործընթաց չկար կամ 2020-ին՝ պատերազմի ընթացքում»,–ասաց Մակունցը։
Նրա խոսքում`այս տարիներին, ընդհակառակը, հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում:
Մակունցը նշեց, որ ցանկացած շերտ, որը փորձ է կատարել որևէ կերպ այլ դիսկուրս ներմուծել քաղաքական դաշտ, արժանացել է ծայրահեղական պիտակումների: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է այս հարցազրույցն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն այլևս չկա։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ArmNews–ին տված հարցազրույցում ասել էր, որ պատերազմի սխալները սկսվել են առաջին իսկ օրվանից ու շարունակվել երկար ժամանակ: Սարգսյանը նշել էր, որ ՀՀ ԶՈւ պաշտպանական պլանում հստակ նշված է, թե որ ստորաբաժանումները որ պարագայում որ դիրքերը պիտի զբաղեցնեն: Սակայն, ըստ նրա, չեն զբաղեցրել, քանի որ պատերազմի կառավարմանն անհարկի միջամտություններ են եղել ոչ իրավասու մարդկանց կողմից:
«Ձեր դժգոհությունն ուղղեք ընդդիմությանը». Մակունցը` ընտրություններ չանցկացնելու մասին