Մաքսատուրքերի բարձրացումից հետո Հայաստան ներկվող ավտոմեքենաները 25 անգամ պակասել են

ՊԵԿ վիճակագրության համաձայն` 2020թ.-ին Հայաստան է ներկրվել 7300 ավտոմեքենա՝ 2019թ.-ի 189 000-ի դիմաց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. 2019թ.-ի համեմատ 2020թ.-ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը 25 անգամ նվազել է: Այդ մասին են վկայում այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին ներկայացված ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության տվյալները:

ՌԴ մաքսային ծառայությունը պարզաբանել Է ՀՀ-ից ավտոմեքենաների ներկրման կանոնները

Դրանց համաձայն` 2019թ.-ին Հայաստան էր ներկրվել 189 000, իսկ 2020թ.-ին՝ 7 300 ավտոմեքենա:

Ասուլիսին ներկա ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը հիշեցրեց, որ 2018-19թթ-ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվն ուղղակի աննախադեպ է եղել:

«Քանակն այնքան շատ էր, որ նույնիսկ Վրաստանի նավահանգիստները չէին հասցնում ժամանակին բաց թողնել այդ տրանսպորտային միջոցները»,- հիշեցրեց ՊԵԿ պաշտոնյան:

Ներկրման այս ծավալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2019թ.-ին Հայաստանում դեռ գործում էր ԵԱՏՄ-ին անդամակցության մաքսային արտոնությունը, որն ավարտվում էր 2020թ.-ի հունվարի 1-ին:

Ավտոներկրողների հույսը Ղազախստանն է. ինչ կանի ՀՀ կառավարությունը նրանց փրկելու համար

Արտոնյալ պայմանները հայաստանցի ներկրողներին մրցունակ էին դարձնում ԵԱՏՄ իրենց գործընկերների համեմատ, ինչը հնարավորություն էր ընձեռում Հայաստան ներկրված էժան ավտոմեքենաները ձեռնտու պայմաններով վերավաճառել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիներին:

ԱԺ–ն չընդունեց ավտոմեքենաներ ներկրելու «շրջանցիկ ուղին»

Ու թեև արտոնված ժամկետն ավարտվում էր 2020թ.-ին, բայց 2019թ.-ին գնված շատ ավտոմեքենաներ այդ ժամկետին դեռ ճանապարհին էին, ուստի ՀՀ կառավարությունը որոշեց թույլ տալ 2019թ.-ին պատվիրված, բայց 2020-ին Հայաստան հասնող ավտոմեքենաները մաքսազերծել դրանց գնման պահին ՀՀ-ում գործող անհամեմատ ավելի ցածր դրույքաչափերով:

Այս արտոնյալ պայմաններով, ՊԵԿ-ի վիճակագրության համաձայն, 2020թ.-ին Հայաստան է ներկրվել 4180 ավտոմեքենա: Այլ կերպ ասած՝ անցյալ տարվա ընթացքում Հայաստան բերված 7 300 ավտոմեքենաներից 4180-ը գնվել էր դեռ 2019թ.-ին և մաքսազերծվել է դեռ նախորդ՝ արտոնյալ պայմաններով:

Իսկ մաքսատուրքերի թանկացումից հետո, փաստորեն, Հայաստան ներկված ավտոմեքենաների թիվը կազմել է ընդամենը 3120 ավտոմեքենա՝ 2019թ-ի 189 000-ի դիմաց:

Ինչքան կարող ենք՝ ավտո բերենք, իսկ ավտոների «թաղման» բյուրո» հետո կբացենք