Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում

44-ամյա մի տղամարդ որոշել է բախտը նորից փորձել` մտնելով նույն առանձնատունը, որից նախկինում գողություն էր կատարել։ Այս անգամ, սակայն, նա սխալ հաշվարկ է արել։
Sputnik

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Սևան քաղաքի բնակիչը երկու անգամ մտել է նույն տունը` գողություն անելու։

Նուբարաշենի գերեզմանները թալանել են. ոստիկանները հայտնաբերել են գողերին

«Փետրվարի 13-ի ուշ երեկոյան Սևանի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Գայի փողոցի մի առանձնատնից գողություն է կատարվում: Մեկնել և համոզվել են, որ տեղեկությունը ճիշտ է: Արձանագրվել է, որ առանձնատնից գողություն կատարելու պահին հայտնաբերվել և ժամը 23-ին բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նա խոստովանել է, որ մոտ 20 րոպե առաջ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է պատուհանը, մտել տուն, սակայն ոչինչ չի հասցրել գողանալ, քանի որ ոստիկանները բռնել են նրան: Տղամարդուն տեղափոխել են տարածքային քննչական բաժին, հարցաքննել ու ձերբակալել:

Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անցած տարվա օգոստոսի վերջերին ձերբակալվածը նույն առանձնատան առաջին հարկի պատուհանով մտել է ներս ու գողացել կենցաղային իրեր: Այս գողության մասին տանտերը ժամանակին չէր հայտնել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանները բացահայտել են 350 մետր օդային հաղորդակցության կապի հաղորդալարի գողությունը