ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արդեն երրորդ օրն է` անհետ կորածների, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:
«Եղանակի պատճառով այսօր ևս դադարեցվել են փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները» - Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նշենք, որ հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:
Հիշեցնենք` փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ արցախյան պատերազմից հետո նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին, ծավալված ռազմական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: