Տարոն Մարգարյանին ու Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի Արման Սահակյանին, Երևանի նախկին քաղաքապետի Տարոն Մարգարյանին ու Երևանի քաղաքապետարանի ևս երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Խաչատուր Սուքիասյանը գնել է «ՌԱՆ ՕՅԼ»-ը. ընկերությունից վստահեցնում են՝ մենաշնորհ չի լինի

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Շենքեր կառուցող ընկերության տնօրենը փորձել է խոշոր գումար «քցել» մեկ այլ տնօրենից

Նրա հանձնարարությամբ 2011թ.-ին Երևանի Աճառյան փողոցում գտնվող դպրոցին պատկանող 13.172 քմ հողատարածքն անհիմն նվազեցվել է 3693,12 քմ-ով: Իսկ մնացած 3569,8 քմ –ը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Մարգարյանի սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

2012 թվականին Ավանեսովի փողոցում գտնվող դպրոցի 75 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կազմակերպված աճուրդում էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված դպրոցի տնօրենի հորը, իսկ 2014թ-ին դպրոցի տնօրենի հայրը նույն կերպ ձեռք է բերել նաև դպրոցին պատկանող 863,34 քմ. Հողատարածքը:

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Հետագայում 575 քմ և 863,34 քմ մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են մեկ հասցեում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ