Ներդրումներ չկան. ո՞ր ոլորտները կարող են թռիչքաձև զարգացում ապահովել

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է մի շարք տնտեսական խնդիրների, մասնավորապես այն հարցին, թե ներկա փուլում ինչ գրավչություն ունի Հայաստանը ներդրումների առումով։
Sputnik

Դավիթ Հախվերդյանի դիտարկմամբ` նախորդ տարի տեղի ունեցած երկու արհավիրքների` համավարակի և պատերազմի պատճառով մեր ներդրումային հոսքերը մոտ են զրոյական ցուցանիշին։ Ըստ նրա` զուտ համախառն ներդրումային ներհոսքը ինն ամիսների տվյալներով կազմում է մոտավորապես 38 մլրդ դրամ, սակայն օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը կազմում է 311 միլիոն դրամ, իսկ սա նշանակում է, որ գլոբալ իմաստով մենք ներդրումներ չենք ներգրավել 2020 թվականին։

Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին

«Ավանդաբար գրավիչ ներդրումները, որոնք տարիներ շարունակ ներգրավվել են մեր պետությունում, վերաբերում են հանքարդյունաբերությանը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի, մետաղներին արտադրությանը, սննդի արդյունաբերությանը և ծառայությունների որոշ տեսակներին։ Խոշոր հաշվով մենք պետք է հասկանանք, որ չկա այնպիսի պատերազմ, որը փոքրիշատե չիջեցնի տվյալ երկրի ներդրումային գրավչությունը։ Բնական է, որ մենք այժմ շատ ավելի մեծ դժվարությամբ կներգրավենք ներդրումներ, քան մեկ տարի առաջ»,– նշեց տնտեսագետը։ 

Հախվերդյանի կարծիքով` զուտ ռազմավարական տեսանկյունից պետք է ներդրումներ կատարել հատկապես ավելացված բարձր արժեք պարունակող ճյուղերում, որոնք հիմնականում բարձր տեխնոլոգիաներն են, որակյալ մարդկային կապիտալ պարունակող ոլորտները։ Ըստ նրա` հենց դրանք են ապահովում թռիչքաձև զարգացում։  

Տնտեսագետն անդրադարձել է նաև Հայաստանի դերակատարությանը տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և ԵԱՏՄ–ում։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև տնտեսության դիվերսիֆիկացման հարցն ու արտաքին շուկաներում ընդգրկվելու խնդիրը։ 

Իրանցի մի շարք գործարարներ հետաքրքվել են ՀՀ–ում ներդրումներ անելու հնարավորություններով