ՌԱԴԻՈ

Ռազմական ծախսերը պարտքո՞վ են արել. ինչու է աճում պետական պարտքն ըստ տնտեսագետի

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն գործոններին, որոնք նպաստել են Հայաստանի պետական պարտքի կտրուկ ավելացմանը վերջին երկու տարիներին, խոսել նաև պետական պարտքի օգտագործման մեթոդների մասին։
Sputnik
Ռազմական ծախսերը պարտքո՞վ են արել. ինչու է աճում պետական պարտքն ըստ տնտեսագետի

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ`պետական ֆինանսների վիճակը հասկանալի պատճառներով տարբերվում է այն կանխատեսումներից, որոնք արվում էին 2018-19 թվականներին։ Ներազդող գործոններից առաջինը բնականաբար համավարակն է, իսկ երկրորդը` 44-օրյա արցախյան պատերազմը։ 

«Տնտեսության համար «լոքդաունները», առևտրային և արտադրական սահմանափակումները կտրուկ նվազեցրել են պետական բյուջեի եկամուտները, այսինքն` գործող կառավարության կողմից ծախսեր անելու հնարավորությունը, իսկ մյուս կողմից պատերազմը կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերի բեռը, ու թեև պաշտոնական ձևակերպումներ դեռ չկան, բայց ըստ էության` զենք–զինամթերքի, տարբեր սպառազինությունների ձեռքբերման հիմնական աղբյուրները եղել են պարտքային և դեռ պետք է ձևակերպվեն»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի կարծիքով` առկա իրավիճակում, երբ երկրի տնտեսության ֆինանսական կամ բյուջետային կայունությունը արդեն իսկ խախտված է վերոհիշյալ հիմնական երկու պատճառներով, ակնառու փաստ է` դեֆիցիտի մեծացումը փաստորեն կրկնապատիկ ավելի է, քան տնտեսական կայունության նշաձողը։

ԿԲ նախագահը պատմեց, թե ինչպես ու ինչու են թողարկվել նոր եվրապարտատոմսերը

Ըստ նրա` դեֆիցիտ–ՀՆԱ հարաբերակցության մեջ 3 տոկոսի գերազնացումն արդեն ստեղծում է լուրջ ռիսկեր, և բացի դրանից էլ, Հայաստանի օրենսդրության համաձայն` պետական պարտք–ՀՆԱ հարաբերակցության մեջ 60 տոկոսի գերազանցումն իր հերթին նույնպես ստեղծում է բավականին լուրջ ռիսկեր։ 

«Նման իրավիճակում հարկաբյուջետային կանոններին առնչվող սկզբունքի համաձայն` կառավարությունը պարտավոր է գնալ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի և սահմանափակել ծախսերի բեռը հատկապես սոցիալական ծախսերի մասով, թեև բոլորս էլ հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր փախստականներ կան Արցախից ու հազարավոր հաշմված զիվորականներ պահանջում են հատուկ սոցիալական ծրագրերի միջոցով իրենց կարիքների ֆինանսավորում, սոցիալական ծախսերի սահմանափակումը շատ բարդ է, ուստի կառավարությունը հարկադրված դիմել է աննախադեպ ներգրավումների հատկապես ոչ ծրագրային աղբյուրներից, ինչպես օրինակ եվրոբոնդերի թողարկումն է, ինչն արվել է հրատապ և պատկառելի ծավալներով, բարձր տոկոսադրույքներով և շատ թանկ»,– նշեց տնտեսագետը։   

Հայաստանը 10 տարվա եվրապարտատոմսեր կտեղաբաշխի. աղբյուր

Մարգարյանի գնահատմամբ` եթե այսօր կուտակում ենք պարտք, վաղը պետք է մարենք` վճարելով տոկոսները, ինչը կարող է գալիք տարիներին ոչ թե տոկոսներով, այլ անգամներով ավելացնել պետական պարտքի սպասարկման ծախսերը։

Ըստ նրա` պետական պարտքի ավելացումը, նրա բեռի ազդեցության մեծացումը աշխատելու է տնտեսական աճի, զարգացման ծրագրևերի դեմ` ստեղծելով ֆինանսական բուրգ, երբ կառավարությունը ստիպված է լինելու նոր պարտք ներգրավել հին պարտքը մարելու նպատակով։  

Տեղեկացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` 2018–20 թվականներին Հայաստանի պետական պարտքն ավելացել է շուրջ 3 միլիարդ դոլարով և կազմել 8 միլիարդ դոլար, և 2021 թվականի պետական բյուջեով պետական պարտքի սպասարկմանն ուղղվելու է հավելյալ 400 միլիոն դոլար։   

Հայաստանի պետական պարտքն ավելացել է 647,2 մլն դրամով