ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին։
Տեղեկությունը հայտնում է ԲՏԱ նախարարությունը` հայտնելով, որ Արշակյանն Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույց է ունեցել։
«Արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում դեպի թվային նոր ռազմավարության: Նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Թվայնացման ռազմավարությունը, որի շուրջ ևս կարող են համագործակցել, և դրա թարգմանված տարբերակը պատրաստ են փոխանցել արաբական կողմին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին, ինչը հնարավորություն կտա հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին իրենց ներկայացվածությունն ունենալ էմիրություններում:
Նշենք, որ #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը կանցկացվի 2021թ. մարտի 25-27-ը:
Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան
Հիշեցնենք, որ ԱրմՀայՏեք կամ ArmHiTec-ը 2016 թվականից Հայաստանում անցկացվող սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդես է։