ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Պատերազմի սխալները սկսվել են առաջին իսկ օրվանից ու շարունակվել շատ երկար ժամանակ: Այս մասին այսօր ArmNews–ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ գնահատելով 44-օրյա պատերազմի ընթացքը:
«Դրա համար էլ մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ պաշտպանական պլանում հստակ նշված է, թե որ ստորաբաժանումները որ պարագայում որ դիրքերը պիտի զբաղեցնեն: Սակայն, ըստ նրա, չեն զբաղեցրել, քանի որ պատերազմի կառավարմանն անհարկի միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:
Հարցին, թե արդյո՞ք Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը նկատի ունի, երրորդ նախագահը պատասխանեց.
«Ես կանանց հետ գործ չունեմ, ուրիշներին էլ նկատի ունեմ: Իրեն գերագույն հրամանատար հռչակածն էլ այնքան կոմպետենտ է, որ կարող էր ինքն անե՞ր:Այս կապիտուլյացիայի պատճառ դարձած օպերացիային ինքն է անձամբ լսել և հավանություն տվել»:
Սարգսյանը հստակեցրեց, որ խոսքը Լելե Թեփե կոչվող բարձունքին վերաբերող օպերացիայի մասին է:
«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան