Ինչո՞ւ ուշացավ մեր գլխավոր դաշնակցի աջակցությունը. պատասխանում է Սերժ Սարգսյանը

ՀՀ երրորդ ախագահը նշեց, որ մշտապես հնարավոր Թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու միջազգային գրագետ աշխատանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Թուրքիան մշտապես աջակցել է Ադրբեջանին: Այսօր ArmNews-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով այն տեսակետը, թե թուրքիան միայն այս պատերազմում է աջակցել Ադրբեջանին:

«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան

«Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին: Այդպես է եղել 90-ականներին, այդպես է եղել 2000-ականների սկզբին, այդպես է եղել 2008-ից հետո: Եվ մշտապես հնարավոր Թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու միջազգային գրագետ աշխատանքով»,- ասաց նա:

Իսկ թե ինչու է այս անգամ Թուրքիան նման անթաքույց կերպով ու անհամեմատ ավելի մեծ չափով աջակցություն ունեցել, Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց փնտրել «այս ապիկար իշխանությունների դիվանագիտական ու անվտանգային հարաբերությունների տապալման» մեջ:

«Նաև պետք է ստեղծել, թե ինչու ավելորդ լարվածություն ստեղծեցին մեր գլխավոր դաշնակցի հետ և այդ հավասարակշռումը չեղավ, չգործեց այն աստիճանի, ինչ աստիճանի պիտի գործեր: Երբ որ դու, խախտելով բոլոր կանոնները, փորձում ես միանձնյա որոշումներով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, պիտի հասկանաս, որ վաղը-մյուս օրը խնդիրներ ես ունենալու: Երբ որ դու խախտելով քո սեփական երկրի օրենքները՝ օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի ԱԽ ղեկավար մշտական երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է, ու նաև ցուցում ես տալիս ֆեյքերին, անհայտ ծագումով կայքերին, որ գրեն՝ տես` ինչ տղա է, ինչպես բարձրացրեց մեր սուվերենությունը, դու պիտի հասկանաս, որ վաղը-մյուս օրը դրա համար պատժվելու ես: Դու պիտի հասկանաս, որ երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցությունների մեջ ես մտնում, այդ ուրիշները քո նկատմամբ վերաբերմունք են փոխելու»,- ասաց նա:

Սերժ Սարգսանը նշեց, որ այսքանից հետո զարմանալի չէ, որ որևէ մեկն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողությունները, այն դեպքում, երբ 2016-ի ապրիլին քննադատում էին Ադրբեջանին:

«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան

Որպես «փչացրած» հարաբերությունների օրինակ` Սարգսյանը հիշեցրեց պատերազմի օրերին Վրաստանի՝ իր օդային տարածքից օգտվելու արգելքը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են