Ծիրանենին ծաղկել է. օդի ջերմաստիճանը, սակայն, կտրուկ նվազելու է

Սուրենյանի հրապարակումը մեկնաբանողներն ավելի շատ իրենց անհանգստութունն են հայտնում` նշելով, որ վաղաժամ ծաղկումը վտանգավոր է բերքի համար։ Օդերևութաբանները, սակայն, 0-ից ցածր ջերմաստիճան չեն կանխատեսում միայն Սյունիքում և Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Սյունիք, Նռնաձոր գյուղում ծիրանենին ծաղկել է։ Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա նաև Սյունքից ստացված լուսանկար է հրապարակել` միաժամանակ իր զարմանքը հայտնելով բնության վաղաժամ զարթոնքի առիթով։

«Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր»,– նշում է Սուրենյանը։

Facebook-ի օգտատերերից մեկը, սակայն Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալին ուղղել է` հիշեցնելով. «Գագիկ ջան 1981թ–ին փետրվարի սկզբին է ծաղկել»։

Շաբաթը կսկսվի արևով, կշարունակվի տեղումներով. եղանակի տեսություն

Մեկ ուրիշ օգտատեր էլ հիշեցրել է, որ 2019թ–ի փետրվարին Մեղրիում նույնպես ծիրանենին արդեն ծաղկել էր։

Այդուհանդերձ, Սուրենյանի հրապարակումը մեկնաբանողներն ավելի շատ իրենց անհանգստութունն են հայտնում` նշելով, որ վաղաժամ ծաղկումը վտանգավոր է բերքի համար։

«Հեսա ձյունը կգա, նորից մինուս կանի և խեղճ գյուղացիները նորից կտուժեն»,– գրում է օգտագտերերից մեկը։

Հիշեցնենք, որ «Հիդրոմետ» ծառայությունն այս շաբաթվա ընթացքում` փետրվարի 17-19-ը ջերմստիճանի նվազում է կանխատեսում։ Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Կառավարությունն արդեն նախապատրաստվում է այս տարվա խաղողի բերքի մթերմանը

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի 7-10 աստիճանով։

Ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում՝ -7...-10 աստիճան ցուրտ է լինելու։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ 0-ից ցածր ջերմաստիճան չի գրանցվի միայն Սյունիքում և Արցախում։

Մայրաքաղաքում ևս 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-18-ը՝ անձրև և ամպրոպ, 19-ին՝ թաց ձյուն: