ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ իր արտահայտությունը՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի», չի վերաբերում հետնորդի սխալ ընտրությանը։ Նա այդ մասին ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան, ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ մի կողմ, 30-40 րոպե մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից՝ քերականության տեսակետից բարդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական, այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ, և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք», - ասել է Սարգսյանը։
Նա նշեց, որ խոսքը եղել է ոչ թե իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու, այլ իր հրաժարականի մասին։
Հետո Սերժ Սարգյանը Կարեն Կարապետյանին ցույց է տվել հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա եղել է երրորդ խմբագրումը։
Հիշեցնենք` Սերժ սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարվեց 2018 թվականի ապրիլի 23-ին` հայտարարելով, որ փողոցի շարժումն իր պաշտոնավարման դեմ է, ինքը կատարում է մարդկանց պահանջը։
Ես այդ մարդուն ֆիզիկապես տեսել եմ 3 անգամ. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին