Հիշո՞ւմ եք, երբ ասացի` Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյանը խնդրում է տարբերակել բառերը

ՀՀ երրորդ նախագահի խոսքով` ինքը երբեք չի եղել «ոչմիթիզական» և տարբեր ձևակերպումներով ասել է, որ խնդիրների լուծումը տեսնում է միայն փոխզիջումների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքում իրենց համար տարածքներ տալու մասը երկրորդական էր, կարևոր էր ստանալու մասը։

Մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սարգսյան

«Ես չեմ կարող համաձայնել այն մտքերի հետ, որ այս իշխանությունները հող են վերադարձրել։ Նրանք հող են տանուլ տվել, նրանք հող են հանձնել։ Դրանք տարբեր բաներ են։ Նրանք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը», - նշել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը 3 անգամ խմբագրել է իր հրաժարականի տեքստը

Նրա խոսքով` ինքը երբեք չի եղել «ոչմիթիզական» և տարբեր ձևակերպումներով ասել է, որ խնդիրների լուծումը տեսնում է միայն փոխզիջումների միջոցով։

«Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, այլև շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին», - ասել է Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը խնդրել է միշտ տարբերակել վերադարձնելը տալուց։

«Ես այդ մարդուն ֆիզիկապես տեսել եմ 3 անգամ». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին