Հետցնցումները շարունակվում են. Գեղարքունիքում երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում, իսկ Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ: 

Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան

Հիշեցնենք` փետրվարի 13-ին` ժամը 15:29-ին, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել էր Երևանում, 3-4 բալ ուժգնությամբ` Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել: