Երկրաշարժի հետքերը Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում. ծնողները կարող են հանգիստ լինել

Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին:
Sputnik

Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի և 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երևանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը` փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել:

Ինչ վիճակում են երկրաշարժի օրը հոսպիտալացված հղի կանայք

Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի տրված մասնագիտական կարծիքից հետո դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին:

«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետն արձանագրել է, որ Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի առաջացման տեսքով, ուստի հավաստիացրել է, որ շահագործման համար անվտանգ են»,– նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` փետրվարի 13-ին` ժամը 15:29-ին, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել էր Երևանում, 3-4 բալ ուժգնությամբ` Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել: