ՀՀ-ն` վտանգավոր սանդղակում. Զեյթունցյանն առաջարկում է միջազգային PR մասնագետներ հրավիրել

Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար Զարմինե Զեյթունցյանի կարծիքով` ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը լրջորեն քննարկի նոր որակի PR մասնագետներ հրավիրելու հարցը, որոնք ստեղծված իրավիճակում մեծապես կնպաստեն ոլորտի զարգացմանը։  
Sputnik

Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար Զարմինե Զեյթունցյանի կարծիքով` ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը լրջորեն քննարկի միջազգային կազմակերպությունների PR մասնագետներ հրավիրելու հարցը, որոնք ստեղծված իրավիճակում մեծապես կնպաստեն զբոսաշրջության ոլորտի առաջխաղացմանը։

Աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն և ոչ միայն. ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջության ցուցանիշները կրճատվել են մոտավորապես 75 տոկոսով։

Գրեթե նույնպիսին է պատկերը նաև Հայաստանում, որտեղ համավարակին գումարվեց նաև Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը` իր բոլոր բացասական հետևանքներով։

Հայաստանի ամերիկյան համալսարանի հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար, զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար Զարմինե Զեյթունցյանի խոսքով`կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի հետպատերազմյան Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնելու և նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ։

Զեյթունցյանի կարծիքով` տեղի PR մասնագետներն ի զորու չեն զբոսաշրջության ոլորտում սրընթաց պրոգրես արձանագրելու համար։ Հարկավոր է հրավիրել օտարերկրյա միջազգային կազմակերպություններում աշխատող PR մասնագետների, որոնք հետպատերազմյան երկրներում աշխատելու հաջողված փորձառություն ունեն։

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար

Որպես օրինակ նա նշում է հարևան Վրաստանի, Ուկրաինայի, Լիբանանի և մի շարք այլ երկրների փորձը։ Այս երկրները տարիներ շարունակ գումար են ծախսել, օտարերկրյա PR մասնագետների հրավիրել, որոնք պատերազմից հետո երկրի զբոսաշրջության ոլորտին նոր թափ են հաղորդել։