Տնտեսվարողների դժգոհությունները տեղ կհասնեն. օրենքում նոր փոփոխություններ կլինեն

Հայաստանի խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներն իրենց դժգոհություններն են ներկայացրել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ քննարկել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը։

Հայաստանը կանեփ կաճեցնի. համավարակի և պատերազմի տնտեսական շոկերը հաղթահարելու միջոց

«Մեր հիմնական նպատակն ու գաղափարախոսությունն է հավասար խաղի կանոններ սահմանել բոլորի համար, որոնք իրենց հերթին գլխավորապես ուղղված են հավասար պայմաններ սահմանելուն»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Այնուհետև տնտեսավարողներն ու հանձնաժողովի պատասխանատուները մասնագիտական քննարկում են ունեցել, որի շրջանակում անդրադարձ են կատարել նախագծով առաջարկվող առանձին կարգավորումների վերաբերյալ բարձրացված հարցերին ու դիտարկումներին:

Բացի այդ, տեղում ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնց հիման վրա էլ  օրենքի նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

Նշենք, որ հունվարի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որը տնտեսվարողների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել։