Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

Շուռնուխ գյուղը, բացի իրենց տները կորցրած բնակիչներին տեղավորելու և անվտանգության խնդիրներից, ինչպիսիք առկա են Սյունիքի մյուս սահմանամերձ բնակավայրերում, բախվել է նաև նոր հողեր որոնելու անհրաժեշտությանը։
Sputnik

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի զարգացման տարբերակներից մեկը կարող է դառնալ մոտակա դատարկ գյուղերի բնակեցումն ու տարածքների օգտագործումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց գյուղապետ Հակոբ Արշակյանը։ Հայկական և ադրբեջանական մասերի բաժանված գյուղում առաջնային խնդիրներն են անվտանգությունը և առանց տանիքի մնացած մարդկանց բնակեցումը։

Մի քանի օր առաջ այստեղ փոխել են օդային տագնապի ազդանշանը։ Այն վաղուց կար գյուղում, նույնիսկ օգտագործվել է վերջին պատերազմի ժամանակ, բայց հետո շարքից դուրս էր եկել։ Հիմա նորն են հասցրել գյուղ և տեղադրել։

Առայժմ, բարեբախտաբար, ազդանշանն օգտագործելու առիթներ չկան։ Ճանապարհի մյուս կողմում գտնվող ադրբեջանցիների հետ որևէ միջադեպ չի եղել։ Նրանք չեն փորձել անցնել փողոցը (դե-ֆակտո՝ սահմանը), որտեղ կանգնած են ռուս սահմանապահները։

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

«Դեպքեր են եղել, երբ նույնիսկ հաջողվել է վերադարձնել մյուս կողմն անցած կենդանուն։ Հայ սահմանապահները ռուս զինծառայողների միջոցով կապվել են և վերադարձրել են կենդանուն»,-պատմեց Արշակյանը։

Բայց անվտանգության  հարցը, իհարկե, մնում է։ Ծնողները, գյուղապետի խոսքով, չեն կարող չանհանգստանալ երեխաների համար, երբ պատուհանից տեսնում են մոտակայքում կանգնած ադրբեջանցի զինվորներին։

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

«Երեխան երեխա է մնում։ Ծնողներն ուշադիր հետևում են նրանց։ Անասուններին նույնպես պետք է հետևել, դրանք սովորության համաձայն՝ ջուր խմելու են գնում այն կողմի ձոր, բայց հիմա այդ կողմ արդեն չի կարելի գնալ»,-նշեց Արշակյանը։

Կենդանիներին վերահսկելու հարցն այժմ աստիճանաբար լուծվում է էլեկտրական ցանկապատներ տեղադրելու միջոցով։

Տների հարցը լուրջ է

Սահմանների վերաձևման հետևանքով, ինչպես արդեն գրել ենք, 12 ընտանիք զրկվել է տնից։

Հիմա նրանց մեծ մասը գտնվում է հենց Շուռնուխում, տեղավորվել են ազատ տներում և բերված տնակներում։

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

«Վերջերս մի ընտանիք վերադարձավ Գորիսից։ Իրենց հետ տնակ բերեցին, որ ապրեն այստեղ, մինչև նոր տները կառուցվեն։ Այսինքն հիմա 12 ընտանիքից 2-ը Գորիսում են ապրում, մեկը՝ Կապանում»,-ասում է Արշակյանը, որն ինքն էլ կորցրել է տունը և ստիպված է ապրել գյուղապետարանի նախկին շենքում։

Գյուղում արդեն սկսվել է 12 տների շինարարությունը՝ կառավարության ծրագրի շրջանակում։ Կան նաև բարեգործներ, որոնք 13-14 տուն կառուցելու պատրաստակամություն են հայտնել։ Ենթադրվում է, որ տները պատրաստ կլինեն ամենաուշը մինչև տարեվերջ։

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

Բացի գյուղի բնակիչներից, ամենայն հավանականությամբ, նոր տներ կտրամադրվեն նաև Արցախից հարկադիր տեղահանվածներին։

Ֆինանսական օգնությունը՝ 300 հազար դրամ միանվագ և 68 հազարական դրամ (6 ամսվա ընթացքում) տներից զրկված քաղաքացիներին դեռ չեն վճարել։

Համայնքի միջոցներով նաև կվերակառուցվի բազմաբնակարան շենքը, որը կարող է ծառայել, օրինակ, ուսուցիչներին։

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

Ինչ վերաբերում է անասնապահության զարգացման խնդիրներին (գյուղը զրկվել է արոտավայրերից), ապա լուծում կարող են դառնալ գյուղից մի փոքր հեռու գտնվող տարածքները։ Դրանք նույնպես համայնքին են պատկանում (Գորիս խոշորացված համայնք), դա տարբերակներից մեկն է։

«Մենք նաև համայնքի կազմում 3 գյուղ ունենք՝ Վանանդ, Աղբուլախ, Ձորակ» (Շուռնուխից 9-13 կմ հեռու- խմբ․)։ Այդ երեք գյուղերը բնակեցված չեն։ Ես կարծում եմ, որ ապագայում դրանք բնակեցնելու, նոր տներ կառուցելու հեռանկար կա»,-նշեց Արշակյանը։

Գլխավորն անվտանգությունն է

Սյունիքի մարզի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, խոսելով վերոնշյալ գյուղերի տարածքների օգտագործման գաղափարի մասին, Sputnik Արմենիային ասաց, որ այդ հարցը առաջիկայում դեռ պետք է քննարկվի:

«Նախագիծն իրատեսական է, բայց առայժմ չի քննարկվել։ Հիմա առաջնահերթ խնդիրները անվտանգության և բնակարաննեով ապահովելու հարցերն են»,-ասաց Ղուկասյանը։

Դրանից հետո հնարավոր կլինի զբաղվել գյուղի զարգացման և այլ սոցիալ-տնտեսական հարցերով։ Ընդ որում՝ այդ ուղղությամբ զարգացման ներուժ կա, այդպիսի նախագիծը կդիտարկվի։

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

Հիշեցնենք՝ պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։