Մտցրել է լվացքի մեքենան, հարվածել․ երեխայի մահվան գործով մորը և խորթ հորը կալանավորել են

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել մեկ տարեկան տղայի սպանության ահասարսուռ դեպքի առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի- Sputnik. Արարատում մանկահասակ տղայի մահվան գործով մեղադրանքներ են առաջադրվել երեխայի մորը, խորթ հորը և խորթ տատին։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ
փոքրիկի մորը և խորթ հորը կալանավորել են, իսկ խորթ տատի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12.50-ին, «Մասիս ԲԿ»-ից ահազանգել են, որ իրենց մոտ մահացած երեխա է տեղափոխվել`ծնված 01.08.2019թ.–ին։ Երեխային մարմնական վնասվածքներ էին պատճառել նրա ընտանիքի անդամները՝ մայրը, խորթ հայրն ու խորթ տատը։

Երեխային ծեծել են ու դեղ խմեցրել. սարսափելի դեպք Արարատի մարզում

«Քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրգործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Խորթ հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), երեխայի մորը և խորթ տատին մեղադրանք է առաջադրվել՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

ՔԿ-ն միաժամանակ դեպքի առնչությամբ նոր մանրամասներ է հայտնել․ քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել, որ 2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մանկահասակ երեխան հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, որի ընթացքում խորթ հայրը, չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի անդադար լացի ձայնը, կնոջ և մոր հետ օրեր շարունակ հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին։ Փոքրիկի մայրը և տատը, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով նրան խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ՝ երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով:

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

2021թ. փետրվարի 6-ին խորթ հայրը, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին։ Դրանից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է: