ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն արդեն հասցրել է բուռն քննարկումների ու քննադատությունների արժանանալ։
Եվ, այդուհանդերձ, նախագծին կողմ քվեարկեցին` 72, դեմ` 30 և ձեռնպահ` 2 պատգամավորներ:
Հիշեցնենք` նախագծով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը:
Մասնավորապես` վիրավորանքի համար մինչև 2 մլն դրամ, զրպարտության համար՝ 3 մլն։
Ի դեպ, ի սկզբանե Ալեն Սիմոնյանն առաջարկում էր շատ ավելի բարձր տուգանքներ կիրառել. վիրավորանքի համար 1-5 մլն, զրպարտության համար՝ 2-10։ Բայց արդարադատության նախարարությունը նվազեցրեց դրանք` մեկնաբանելով, որ Հայաստանում քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 3 մլն դրամը։
Հայհոյանքի ու սպառնալիքների չափաբաժինը շատ վտանգավոր սահմանի է հասել. Թաթոյան
Նշենք, որ այսօր խորհրդարանում ներկայացնելով նախագիծը` Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ դրա ընդունումը հնարավորություն կընձեռնի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, իսկ քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի ստույգ տեղեկություն ստանալու: